Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Ներգանգային թարախակույտերի բուժումը երեխաների մոտ

Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթ­նե­րով:

 

Աշխատանքի նպատակը ներգանգային թարախա­կույ­­տերով երեխաների բուժման արդյունքների վերլուծությունն է:


Նյութը և հետազոտման մեթոդները.


Ուսումնասիրվել են 1987-2007թթ ընթացքում ներ­գա­նգային թարախակույտերով 6ամս. - 14 տար. 34 երե­խաների բուժման արդյունքները, այդ թվում 15 աղջիկ, 19 տղա: Ըստ տարածման և զարգացման մեխանիզմի 12 հիվանդի մոտ թարախակույտերը ունեցել են օտոռինոգեն ծագում, 13 հիվանդի մոտ` մետաստատիկ, 4 հիվանդի մոտ` տրավմատիկ, 6 հիվանդի մոտ` պատճառը չի պարզվել: 7 հիվանդներ ունեցել են սրտի կապույտ  արատներ:


 3 հիվանդի մոտ եղել են սուբդուրալ էմպիեմաներ, 31 հիվանդի մոտ` ներուղեղային թարախակույտեր: Թարախակույտերի մեծ մասը` 19, տեղակայվել են ճակատգագաթային շրջանում: 6 հիվանդ ունեցել են ներգանգային բազմաթիվ` 2-6 թարախային կու­տա­կումներ:


Թարախակույտերի ախտորոշումը հիմնվել է անամ­նեզի, կլինիկոնևրոլոգիական և լրացուցիչ հետա­զոտությունների հիման վրա, որոնց մեջ վճռական դերը ունեցել է գանգուղեղի համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրումը (ՀՇ և ՄՌՇ): Մինչև վիրահատությունը նշված քննությունը կա­տարվել է 27 հիվանդի մոտ:


Արդյունքները և նրանց քննարկումը:


Բոլոր հիվանդները վիրահատվել են. 8 հիվանդ վիրա­հատվել են թարախակույտի ձևավորված պատ­յանի փուլում: Կատարվել է թարախակույտի հեռացում պատյանով: Այդ խմբում 4 երեխա առողջացել են, 4-ի մոտ` խորը տեղակայման թարախակույտի հեռացման ընթացքում տեղի է ունեցել պատյանի պատռում, ետվիրահատական շրջանում ծանր թարախային մենինգոէնցեֆալիտի զարգացում, 3-ի մոտ մահացու ելքով:


26 հիվանդի մոտ թարախակույտերը բուժել ենք նրանց պրոյեկցիայով ֆրեզային անցքեր տեղադրելու, պունկցիոն ասպիրացիայի մեթոդով: Սկզբնական շրջանում այդ մեթոդը մեր կողմից կիրառվում էր թարա­խա­կույտերի խորը և դժվարամատչելի տեղա­կայություն ունենալու, ինչպես նաև հիվանդների ծանր վիճակում լինելու պարագայում: Հետագայում այդ մեթոդի կիրառման ցուցումները լայնացվեցին և գրեթե բոլոր թարախակույտերը բուժվել են այդ եղանակով:


5 հիվանդի մոտ մակերեսային տեղակայությամբ և փոքր ծավալի (1.5-2 սմ տրամագծով/ թարա­խա­կույտերի դեպքում 1-2 անգամ պունկցիոն ար­տածծումը բավարար է եղել լավացման համար, ընդ որում այդպիսի արդյունք դիտվել է մինչև 4 տար. երեխաների մոտ: 21 հիվանդի մոտ թարախակույտի պունկցիոն արտածծում է կատարվել 2 ֆրեզային անցքերից, այնուհետև նրա խոռոչում լվացող-դրենավորող համակարգի տեղադրմամբ, որը պահվել է 3-5-7 օր` մինչև արտահոսող հեղուկի պարզումը: Լվա­ցումը կատարվել է լայն ազդեցության հակա­բիոտիկներով, ինչպես նաև դիօքսիդինի 0.5% լու­ծույ­թով: Լվացող համակարգի հեռացումից հետո 18 հիվանդների մոտ կատարվել է թարախակույտի դրենավորում ռետինե ժապավենով, որն աստիճա­նա­բար դուրս է քաշվել և հեռացվել: Այս ձևով բուժման շարու­նակման դեպքում 4 հիվանդի մոտ տեղի է ունեցել թարախակույտի կրկնում և կրկնակի վիրա­հա­տման անհրաժեշտություն:


Վերջին 2 տարում լվացող համակարգից հեղուկի պար­զեցումից հետո և թարախակույտի լիարժեք դա­տարկում ցույց տվող ստուգիչ ՀՇ քննությունից հետո 3 հիվանդի մոտ լվացող համակարգը հեռացվել է առանց թարախակույտի խոռոչի լրացուցիչ դրենավորման: Նրանցից 2-ի մոտ լավացում էր եղել, երրորդի մոտ նոր թարախակակույտ զարգացել էր գանգուղեղի այլ տեղամասում:


Վիրաբուժական միջամտությանը զուգահեռ բոլոր հիվանդները ստացել են ինտենսիվ հակաբակտերիալ պրեպարատներ, ներառյալ ներզարկերակային և սուբարախնոիդալ ճանապարհով, դեզինտոքսի­կա­ցիոն, օրգանիզմի իմունոբիոլոգիական ուժերը խթա­նող բուժում: ԼՕՌ պաթոլոգիայի առկայության դեպ­քում հիվանդները զուգահեռ բուժվել են այդ մասնագետների կողմից:


Թարախակույտերի կրկնման, ինչպես նաև նոր թարախակույտերի զարգացման դեպքում նրանց ժամանակին հայտնաբերումը և բուժական տակ­տի­կայի ճշտումը կատարվել է հիմնականում գանգուղեղի ՀՇ, իսկ էմպիեմաների դեպքում ՄՌՇ քննության միջո­ցով:


Եզրակացություններ. երեխաների մոտ ներգան­գա­յին թարախակույտերը մեծամասամբ մետաստատիկ և օտոռինոգեն ծագում ունեն, գերազանցապես տեղա­կայ­վում են սուպրատենտորիալ:


Ներգանգային թարախակույտերի բուժման պունկ­ցիոն եղանակը նվազ տրավմատիկ է, առավել արդյու­նա­վետ է խորը տեղակայված, ինչպես նաև բազմաթիվ թարախակույտերի պարագայում:


ՀՇ և ՄՌՇ քննությունների ստուգիչ կիրառումը մեծապես լավացնում է ներգանգային թարա­խա­կույ­տերի ախտորոշումը և բուժման արդյու­նա­վե­տու­թյունը:

Հեղինակ. Մ.Մ. Մարտիրոսյան, Լ.Լ. Հակոբյան, Մ.Տ. Հարությունյան, Մ.Ն. Խաչատրյան, Ա.Ա. Նազարեթյան
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 48-49
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ